Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թող ապրի մեր Հայաստանը, թող մնա մայիսի 28-ի խորհուրդը որպես անոր ապագայի աստղը»

«Թող ապրի մեր Հայաստանը, թող մնա մայիսի 28-ի խորհուրդը որպես անոր ապագայի աստղը»
11.12.2015 | 11:42

Ընտրություններից հետո վերադարձանք Ռումինիա:
Անցան տարիներ, ես մի քանի անգամ այցելեցի Հայաստան` հրավերովը Ամենայն Հայոց կաթողիկոսի, և ես հոգեպես կապվեցի Հայաստանի հետ` հակառակ այդ ճնշված ռեժիմի ճնշումի տակ: Ես զգացի, որ մենք բոլորս, ես էլ մեկտեղ, ինչ-որ պարտականություն ունենք՝ ինչ-որ մի ձևով, մի բանով օժանդակելու մեր հայրենիքի առաջընթացին և ավելի լավ ապագային:
Անցան տարիներ: Վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Թաղումին ես ներկա եղա (1954 թ. մայիսի 9-ին վախճանվում է Գևորգ Զ կաթողիկոսը: Հուղարկավորությունը՝ մայիսի 23-ին):
1955 թվականի սեպտեմբերի համար նշանակվեց նոր կաթողիկոսի ընտրության թվականը: Ամբողջ աշխարհում հայ եկեղեցական կենտրոնները հրավեր ստացան մասնակցելու, մենք էլ ստացանք: Պատրաստվում էինք, որ գանք Հայաստան, Էջմիածին և ընտրենք նոր կաթողիկոսին:
Օգոստոսի սկզբին էր` 1955-ի օգոստոսի սկզբին, սովետական դեսպանատնից մի հայ պաշտոնյա կար, ինձ զանգ տվեց, թե.
-Հայաստանից երկու հյուրեր պիտի գան Ձեզ մոտ, բարի եղեք ընդունելու:
Եկան ինձ մոտ, ես ընդունեցի սիրով, աշխարհիկ ձևով: Մեկը հայ էր, մի երիտասարդ տղամարդ, ինձ անծանոթ, մյուսը՝ ռուս, ավելի տարիքով: Եվ պարզվեց ինձ համար անսպասելի մի բան. եկել էին պաշտոնական հանգամանքով, Հայաստանի կառավարության անունով, հայը մանավանդ: Որ ես ընդունեմ իմ թեկնածությունը դնել Ամենայն Հայոց կաթողիկոս դառնալու համար: Ես գիտեի Հայաստանի կացությունը, որ ծանր է, և եկեղեցու կյանքն է դժվար՝ հազար տեսակ սահմանափակումների մեջ: Եվ վատ է Էջմիածնի վիճակը, ընդհանրապես հայ եկեղեցիների վիճակը: Ես տեղյակ էի, գիտեի և ասացի.
-Ես չեմ կարող ընդունել այդ առաջարկը. շատ երիտասարդ եմ, ռումինահայ եմ, ես այստեղ իմ պարտականությունները լավ կատարում եմ, այստեղ ժողովուրդն ինձ սիրում է, և ես սիրում եմ իմ գործը և չեմ ուզում Ռումինիայից բաժանվել:
Իրենք պնդեցին, մի խոսքով, երկար խոսակցություն տևեց: Վերջ ի վերջո ես մի քիչ վրդովվեցի:
-Գիտեք,- ասացի,- այնպիսի վիճակի մեջ է եկեղեցին, Էջմիածինը այնտեղ, որ լավ կլինի դուք ընտրեք այնտեղի մարդ, որ ձեզ հարմարվի, մենք չենք հարմարվում ձեզ մոտ: Ես չեմ կարող հանդուրժել այն վիճակը, որ կա: Հետևաբար դուք դժգոհ պիտի լինեք ինձանից, ես էլ ձեզանից:
Բայց էլի նրանք պնդում էին, իմ հայրենասիրական զգացմունքներին էին դիմում: Եվ ես ավելի բորբոքվեցի և մտածեցի այնպիսի մի խոսք ասեմ, որ այդ մարդիկը հուսահատվեն ինձանից: Եվ ասացի.
-Ի՞նչ եք թողել Էջմիածնում, որ մենք գանք՝ ի՞նչ անենք այնտեղ:
Եվ հայը, զարմանալի ձևով, ինձ համար անսպասելի մի պատասխան տվեց.
-Սրբազան,- ասաց,- մենք գիտենք, Դուք իրավացի եք, թե Էջմիածինն ինչ վիճակում է գտնվում:
Եվ ավելացրեց.
-Հայաստանի կառավարության երեսը կարմրում է այսօրվա Էջմիածնի վիճակի պատճառով:
Տեսնո՞ւմ եք, ինչ համարձակ խոսք ասաց: Բառացի եմ ասում:
Ես այնպես... լռեցի, չկարողացա պատասխան մը տալ: Հիշում եմ ես այդ պահը, նայեցի օրացույցին՝ օգոստոսի 4-ն էր: Եվ երևի, մտածեցի, այդ աթեիստի բերանով Աստված է ինձ հետ խոսում:
-Լա՛վ,- ասացի՝ վստահ լինելով, որ ես այստեղ, հավանաբար, պիտի, ինչ գիտնամ, զոհվեմ: Այդ զգացումը ունեի: Բայց բարոյական այդ ներքին զգացմունքը ունեցա, որ այլևս պետք չէ հրաժարվել, մի տեսակ խոնարհվեցի ճակատագրի առաջ՝ հանձն առնելով ապագա ամեն դժվարություն:
Այդպես է, որ ես հետո եկա Էջմիածին, մասնակցեցի ընտրություններին, և Ազգային Եկեղեցական ժողովը ինձ ընտրեց Ամենայն Հայոց կաթողիկոս:
Այդ ընտրությամբ փակվեց իմ, ուրեմն, պատանեկության, երիտասարդության շրջանը, և սկսվեց իմ նոր կյանքը 1955 թվականի սեպտեմբերից սկսյալ՝ իբրև կաթողիկոս Ամենայն Հայոց:
Վերջացնելե առաջ, ես ուզում եմ նաև հիշել, որ համալսարանը ավարտելուց հետո ես մի ամսագիր հրատարակեցի Բուխարեստ՝ «Հերկ» անունով: Խմբագիրը ես եմ եղած և այստեղ մի խմբագրական եմ գրած՝ նվիրված Հայաստանի՝ 1918-ի անկախությանը: Վերնագիրն է՝ «Քսան տարի հետո»: Հոդվածը գրած եմ 1938-ին:
Առաջին նախադասությունն ուզում եմ կարդալ և վերջինը: ՈՒրեմն սկսում եմ այսպես. «Հայաստանի պարտված Հանրապետության ու կորցված անկախության 20-ամյակը կլրանա այս տարի...»:
Եվ վերջին մասը ուզում եմ կարդալ, որովհետև բավական այժմեական է այս օրերին, երբ մեր ազգը անկախության հռչակման սեմին է գտնվում:
«...Պայման է, ուրեմն, որ մեր վիճակի մեջ գտնվող ժողովուրդը իր պատմության ոգիով ու խորհուրդովը զգաստ հպարտ մնա, քաղաքական ինչ պայմաններում էլ թող գտնվի: Այսօր մեր հայրենիքը ծանր օրեր կապրի և գուցե թե երկար ատեն ան չպիտի կարողանա հասնել մայիսի 28-ի խորհուրդի իրականացմանը: Բայց այնքան ժամանակ, որ այնտեղ կա ու կաճի մեր ժողովուրդը, ինչքան ատեն կշինե, կկառուցե, կստեղծագործե և կպահե իր պատմության գիտակցությունը, մենք չենք կըրնար չհավատալ, թե ներկան մեծագույն գրավականը պիտի դառնա ապագային: Ահա ինչու համար այսօր, երբ կվերհիշենք կորցված անկախության պատմությունը, լեցուն հավատքով ու լավատեսությամբ մեր ազգի ներկայի և ապագայի նկատմամբ, կուզենք անգամ մը ևս խոսել՝ թող ապրի մեր Հայաստանը, թող մնա մայիսի 28-ի խորհուրդը որպես անոր ապագայի աստղը»:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ